Ընթացիկ տարվա հունվարից մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի սկրինինգային մասը, որն ուղղված է արյան գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ ախտորոշմանը: Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Առաջին եռամսյակում տեղամասային պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում արդեն իրականցվել է շուրջ 4 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն և 37 հազար քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Մուրադյանը:
Նա հայտնեց, որ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակում, ապրիլի 16-ի դրությամբ, բուժօգնություն է ստացել 457 քաղաքացի։ Նրանցից 430-ին կատարվել է ստենտավորման վիրահատություն, իսկ մյուսների կորոնարոանգիոգրաֆիայի արդյունքներով՝ ստենտավորման կլինիկական անհրաժեշություն չի եղել։
Ապրիլի 1-ից դեկտեմբերի 31-ը բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծրագիրն իրականացվում է 10 բուժհաստատությունում։ ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության մշտադիտարկումները կշարունակվեն' բժշկական օգնության և սպասարկման որակի, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով: