2015թ. հունվարի 1-ի 00.01-ից մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Այն Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է: Նախարար Արմեն Մուրադյանի խոսքով' այս ծրագիրը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական նշանակություն ունի և մեծ պատասխանատվություն է պարտադրում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ծրագրի նպատակն է սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում կյանքեր փրկել ոչ դեղապատ մեկ ստենտ տեղադրելով։ Այդ ուղղությամբ նախարարի մոտ մասնագետների մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են եղել, նախապատրաստական մեծ աշխատանքներ կատարվել։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարած հանձնաժողովի կողմից մշակված չափորոշիչները լրամշակվել են մասնագետների կողմից արված առաջարկությունների հիման վրա։ Արդյունքում հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ կոնսերվատիվ բուժում իրականացնել և որ դեպքերում հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա։ Հաստատվել է նաև Երևանում և մարզերում ծրագրի իրականացմա ն համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը, գործողությունների ժամանակացույցը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի քանի օր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը փոխմբռնման հուշագիր կնքեց սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների հետ:
Երեկ և այսօր ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, ծրագրի իրականացման նկատմամբ մշտական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության աշխատակից, սրտաբան Ալինա Օհանյանը այցելեցին Երևանի 4 բժշկական կենտրոն, որտեղ 2015թ. հունվարի 1-ից կիրականացվի կյանք փրկող ծրագիրը։
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Արմեն Մինասյանը նշեց, որ կլինիկան լիովին պատրաստ է ծրագրի իրականացմանը։ Հստակ որոշված է, թե չափորոշչով սահմանված յուրաքանչյուր գործառույթ ով և ինչպես պետք է իրականացնի։ Ծաղիկ Վարդանյանը կարևորեց, որ շտապբուժօգնության բժիշկները պատրաստվածություն են անցել, սակայն հիվանդին ծրագրում ընդգրկելու պատասխանատվությունը մնում է կլինիկայի նեղ մասնագետի վրա։
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի, «Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա» բժշկական կենտրոնների ղեկավարների և ծրագիրն իրականացնող մասնագետների հետ քննարկումների ընթացքում կարևորվեց հիվանդի և նրա հարազատների իրազեկումը։ Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը ընդգրկում է դրա կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ բժշկական կազմակերպություն ընդունման, վարման և դուրս գրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, դեղերով և բժշկական պարագաներով ապահովումը:
Ծաղիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ ամենափոքր իսկ հարցերի դեպքում կարող են դիմել նախարարության արագ արձագանքման խմբին և հորդորեց աշխատանքներն այնպես կազմակերպել, որ տարեսկզբի հանգստյան օրերին ծրագրի մեկնարկը ստվերող որևէ շեղում չլինի։ Նա հավաստիացրեց, որ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող կազմակերպական բոլոր խնդիրները լուծում կստանան: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նույն կազմով քննարկել ծրագրի իրականացման մեկ ամսվա արդյունքները։
Ի դեպ, սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի որակը և արդյունավետությունը գնահատելու նպատակով մշտադիտարկում կիրականացնի նախարարին կից հանձնաժողովը։
Սուր ինֆարկտների դեպքում սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով հատկացվել է 500 մլն դրամ: Ծրագրում ընդգրկվում են այն քաղաքացիները, ովքեր մինչ այս ներառված չեն եղել սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում և որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։