ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է այս տարվանից «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» («Stand for life») ծրագրով տրամադրվող ոչ դեղապատ ստենտները փոխարինել դեղապատերով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք- Նուբարյանը:
«Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով լուրջ խնդիրներ են լուծվել: Մի շարք մարզերում վերջին տարիներին ունենք սրտամկանի սուր ինֆարկտից մահացության կայուն նվազեցում: Ծրագրում նախատեսվում են նաև որոշակի փոփոխություններ: Եթե ներկայում միջամտությունը կատարվում է ոչ դեղապատ ստենտի միջոցով, ապա նախատեսում ենք, որ այս տարվանից այն կփոխարինվի դեղապատ ստենտով»,-ասաց Մելիք-Նուբարյանն ու հավելեց, որ հնարավորություն կտրվի նաև ավելի մեծ քանակությամբ մարդկանց տրամադրել այդ ծառայությունը:
Խոսելով ծրագրից դուրս սրտի ստենտավորման գների հնարավոր նվազեցման մասին՝ նա ասաց՝ իջեցում նախորդ տարի եղավ Հայաստանում: Քանի որ պետությունը հանդիսանում է ծառայությունների խոշորագույն գնողներից մեկը, չի բացառվում, որ շուկան ևս կարձագանքի և կիջեցնի գները: Սակայն տնտեսավարող սուբյեկտներին պարտավորեցնել չեն կարող:
«Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրով սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում հիվանդի կյանքը փրկում են' ոչ դեղապատ մեկ ստենտ անվճար տեղադրելու միջոցով: Ծրագիրը մեկնարկել է 2015-ի հունվարից: