Հայաստանի կառավարության 2014-2017 թվականների ծրագրով նախատեսվում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում' համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ' 5 տոկոս աճի միջոցով: Այդ մասին նշված է ՀՀ նոր կազմավորված կառավարության ծրագրի նախնական տարբերակում, որը պետք է հաստատվի մայիսի 19-ին նշանակված գործադիրի նիստում:
Ծրագրի նախնակական տարբերակը ներկայացված է ՀՀ կառավարության կայքում:
Առաջիկա երեք տարիների ընթացքում կառավարությունը նախատեսում է նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչև 65000 դրամի, աղքատության կրճատման ապահովում՝ մինչև 10 տոկոսային կետով: Ներկայում մեր երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է 45 հազար դրամ:
ՀՀ կառավարության գործողությունների արդյունքային ցուցանիշները գնահատվել են առկա միտումների հիման վրա: Առաջիկա երեք տարիների ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը կունենա Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար առաջնային նշանակություն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, որը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ օգտագործում:
Կառավարության ծրագրի նախաբանում նշված է, որ այն մշակվել է' հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված' նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները: