ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ Կասկածյալը ձերբակալվել է:
 
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել վարկային կազմակերպության՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված մասնաճյուղի գրասենյակ, հարձակում գործել աշխատակցուհու վրա և զենքի գործադրման սպառնալիքով հափշտակել դրամարկղում առկա զգալի չափի կանխիկ գումարը, ապա՝ դիմել փախուստի:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ստեղծվել քննչական խումբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել բազմաթիվ անձինք։
 
Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1993թ.:
 
24-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օդամղիչ ատրճանակ:
 
Նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե