ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտի հայտարարագիրը։ Պաշտոնաթող դատավորն, ով պարտավոր է ներկայացնել պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ իր եկամուտների հայտարարագիրը, այս տարվա նոյեմբերի 16-ին հայտարարագրել է երկու անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով:

Պաշտոնաթող դատավորը շարժական գույք չի հայտարարագրել: Չկա նշում նաև նրա արժեթղթերի և այլ ներդրումների մասին:

Նա հայտարարագրել է 750,000 ՀՀ դրամ և 300 ԱՄՆ դոլար, իսկ աշխատանքի վարձրատրությունից ստացված նրա եկամուտներն, ըստ հայտարարգրի, կազմել են 4,227,185 դրամ:

Խաչատրյանի 2016 թվականի հայտարարագրում նրա դրամական միջոցների չափը կազմել է 3,600,000 դրամ և 7,400 ԱՄՆ դոլար, իսկ աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված վճարումները կազմել են 4,407,361 դրամ: 

2016 թ.-ին նա չի հայտարարագրել ո՛չ անշարժ, ո՛չ էլ շարժական որևէ գույք: 

Դատավոր Խաչատրյանի կնոջ՝ Արմինե Զաքարյանի հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս հայտարարագրել է 12,000 ԱՄՆ դոլար և 480,000 ՀՀ դրամ: 

Հիշեցնենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք: 

Դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու պահին ձերբակալել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին:

Խաչատուր Խաչատրյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: