Դեկտեմբերի 8-ին Կառավարությունը գյուղատնտեսական ոլորտին առնչվող որոշում էր ընդունել, համաձայն որի` պետական աջակցության ծրագրերի շրջանակում վերջին մի քանի տարիներին հողօգտագործողների կուտակած պարտքերը ներվելու են. ընդհանուր գումարը բավակն կլորիկ է` մոտ 800 մլն դրամ, ինչը, պետք է նկատել, բավական խոշոր գումար է, ու այս իմաստով կառավարության որոշումը կարելի կլիներ գովելի համարել, եթե չլիներ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի` նույն օրը կատարած հայտարաությունը, որից պարզ է դարձել, որ գյուղացիությունն այսուհետ միմիայն պահանջվող գումարը նախապես վճարելու դեպքում է ի վիճակի լինելու պետական ծրագրով ձեռք բերել պարարտանյութ, դիզվառելիք ու սերմացու: Պետությունը այսուհետ դադարելու է գյուղացիությանը սուբսիդիա հատկացնել` պարտադրելով մարդկանց անհրաժեշտ գումարի 100%-ը վճարել միմիայն սեփական գրպանից:

Իրականում այս ամենը գյուղոլորտի վրա կարող է թողնել երկակի ազդեցություն` և՛ լավ, և՛ վատ: Խնդիրն այն է, որ Հայաստանում պետություն-գյուղացիություն այսօրինակ կապը իրականանում է միջնորդ օղակների միջոցով` հիմնականում Բարսեղ Բեգլարյանին պատկանող ընկերությունների, որոնք էլ տարիներ շարունակ փաստացի լուրջ ֆինասնական օգուտներ են քաղել պետական բյուջեից` առաջացնելով կոռուպցիոն լրջագույն խնդիրներ: Այս որոշմամբ, փաստորեն, Բեգլարյանի ընկերությունները կանգնելու են փաստի առաջ` դադարելով լուրջ եկամուտներ ստանալ պետության հաշվին: Մյուս կողմից, սակայն, համապատասխան որոշումը բավական խոցելի է թվում` պայմանավորված հատկապես հայ գյուղացիության ցածր կենսամակարդակով. այսօր շատ քչերն են, որ կարող են իրենց թույլ տալ առանց պետական օժանդակության, բացառապես սեփական գրպանի հաշվին գնալ ու գնել անհրաժեշտ ապրանքները` լինի սերմացու, դիզվառելիք, թե պարարտանյութ: Այսինքն` մի կողմից իբր փորձ է արվում վերացնել կոռուպցիոն ռիսկերը (ենթադրելի է` ելնելով քաղաքական ինչ-ինչ նպատակներից), մյուս կողմից, սակայն հարված է հասցվում ուղիղ գյուղացիությանը, որն այսուհետ կանգնելու է փաստի առաջ:

Իսկ սա նշանակում է, որ եթե նույնիսկ կառավարության սույն որոշումն ի սկզբանե մտահղացվել է բարի նպատակներով, ապա այն կյանքի կոչելու հարցում ճիշտ գործիքակազմեր չեն գտնվել, ու կարելի էր մի փոքր ավելի ստեղծագործաբար մոտենալ այս խնդրին. գյուղատնտեսությունը մեզանում ազատ անկման վիճակում է հայտնվել, ու ցանկացած հապճեպ որոշում կարող է ֆատալիտիկ հետևանքներ ունենալ գերակայություն հայտարարված ոլորտի համար:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ