«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մեր հարցմանն ի պատասխան` կկայանա՞ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան, ՀՀ ԱԳՆ-ից ասացին, որ այցը նախատեսված է մինչեւ ամսվա վերջ․ «Կոնկրետ օրվա ու ծրագրի մասին այս պահին դժվար է ասել. վրացական կողմի հետ կան մի շարք լուրջ պրոյեկտներ, որոնց այս փուլում պետք է անպայմանորեն անդրադարձ լինի»:
Իսկ Ամանորին ի՞նչ ռեժիմ է նախատեսված (նախագահականը պատրաստվում է գործարարների, լրատվամիջոցների ընդունելությանը, ԱԳՆ, ԿԲ այցերին)։ Պատասխանեցին. «Նախագահի այցերի մասին կտեղեկացնենք պատշաճ կարգով, պատշաճ ժամանակին»:
Բայց չստացվի այնպես, ինչպես Կվիրիկաշվիլու դեպքում եղավ. վրացական կողմը հայտարարեց այցի մասին, բայց այն տեղի չունեցավ: Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, ինչպես նաեւ Բրյուսել, չեղարկվեցին խորհրդարան-կառավարություն ճգնաժամի, կառավարությանը վստահության դեֆիցիտի պատճառով:
Ուստի հնարավոր էր եւ չեղարկվեր Սերժ Սարգսյանի այցը Վրաստան, որը, ի դեպ, Հայաստան-ԵՄ համաձայնագիր կնքելուց հետո առաջինն է: Մեզ վստահեցրին, որ այցը կկայանա «ցանկացած եղանակի»: Ըստ վրացական պառլամենտի մեր աղբյուրի՝ իրենց մոտ հարթվել է ներքին վեճը, որն առկա էր Բիձինա Իվանիշվիլու (հետեւաբար՝ նրա կողմից վերահսկվող խորհրդարանական մեծամասնության) եւ նույն մեծամասնության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու միջեւ, որն առնչվում էր կառավարության կառուցվածքին, մասնավորապես՝ Կվիրիկաշվիլու կողմից ներքին գործերի նախարարության «թուլացմանը» եւ այս կարգի մի շարք այլ խնդիրների։ Կողմերը հանդիպել են միմյանց, եկել ընդհանուր հայտարարի, Կվիրիկաշվիլու ներկայացրած նախագիծն այս օրերին անցել է միանգամից երեք ընթերցումներն էլ։ «Սպասում ենք ձեր նախագահին»,- ասացին Վրաստանից: Հիշեցնենք` EAdaily-ն գրել էր, որ այցը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին»:
Առավել մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: