ԷկոԼուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Լոռու մարզի Սարչապետ գյուղի 30 ընտանիքի թողել է առանց խմելու ջրի: Ահազանգն «ԷկոԼուր»-ը ստացել է Սարչապետի բնակիչներից: Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը հաստատեց այն: Համայնքապետը պատմեց, որ երբ Ասիական զարգացման բանկի ծրագրով գյուղում ջրագծեր են անցկացվել, երեք փողոց դուրս է մնացել ծրագրից: 30 ընտանիք փաստացի մնացել է առանց ջուր, ստիպված օգտվել է գյուղի մեջ գտնվող աղբյուրից, կամ դույլերով հարևաններից է բերել: Համայնքապետի խոսքով` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն գյուղ մտել է տարեսկզբին, բայց անջուր փողոցների ջրի հարցը չի լուծել: Բնակիչներն իրենց միջոցներով ջրագիծ են կառուցել և դիմել «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որպեսզի բաժանորդ դառնան: «Վեոլիա Ջուր»-ը հրաժարվել է` ասելով, որ կառուցված ջրագիծն ապօրինի է: 

«Մենք «Վեոլիա»-ի փոխարեն գործն արել ենք, ջրագիծը քաշել ենք, իրենց մնում է ընդամենը բնակիչներից դիմումներն ընդունել և բաժանորդ դարձնել, չեն անում: Ասում են` մինչև նախագիծ չներկայացնեք, իրավունք չունեք ջրագիծ կառուցել, ամեն մի ընտանիքին պետք է 150.000 դրամ տուգանեմ, հետո նոր բաժանորդ կդարձնեմ: Իրենք գիտեն, որ նախագիծ պատրաստելը մեծ գումարների հետ է կապված, և դա այսօր մեր ուժերից վեր է: Մենք ջրագիծն արդեն կառուցել ենք, նվիրում ենք իրենց, ասում ենք` եկեք, մարդկանց դիմումներն ընդունեք, բաժանորդ դարձրեք, ջուրը ծախեք իրենց վրա», - ասաց Սարչապետի համայնքապետ Բորիս Բարոյանը և հայտնեց, որ արդեն 15 օր է, ինչ «Վեոլիա»-ն փակել է ջրագիծն ու թողել բնակիչներին առանց ջուր:
«Մեզ ասում են` դուք հաշվեհամար չունեք, ապօրինի ջրօգտագործող եք, վճարում չեն ընդունում մեզանից: Մինչև իրենք թույլտվություն տան, մի տարի կանցնի: Դեմը ձմեռ է, սառնամանիք, իրենք ջուր են կտրում: Գյուղով, գյուղապետով կրակն ենք ընկել», - բողոքեց Սարչապետի բնակիչ Գևորգ Բարոյանը:

Սարչապետը գտնվում է հայ-վրացական սահմանի հարևանությամբ: Համայնքների խոշորացման արդյունքում Սարչապետին են միացել Ապավեն, Արծնի, Ձորամուտ, Պետրովկա, Պրիվոլնոյե, Նորաշեն գյուղերը: Համայնքապետ Բորիս Բարոյանը հայտնեց, որ «Վեոլիա»-ի հետ ջրային կոնֆլիկտ կա նաև Ձորամուտ, Պետրովկա, Նորաշեն գյուղերում: «Պայմանագիր չկա, կան խնդիրներ, չենք կարողանում «Վեոլիա»-ի հետ լեզու գտնել: Այս երեք համայնքի համար առաջարկել եմ` ջրաչափեր դրեք, բաժանորդ դարձրեք, էլի չեն անում», - ասաց Բորիս Բարոյանը:

Խնդիր կա նաև Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսատանը հարակից Գոգավան կոչվող բնակավայրի հետ, որտեղ ապրում է 10 ընտանիք: «Ջրագիծը գնում է մաքսատուն, գրել եմ «Վեոլիա»-ին, որ այդ բնակավայրի ընտանիքներին բաժանորդ դարձրեք, ջուր տվեք, պատասխանել են` ջրագիծը մաքսատան սեփականությունն է, ինքն է կառուցել, կարող են օգտվել միայն մաքսատան հետ համաձայնության գալով: Մաքսատուն էլ եմ դիմել, չեն կարողանում պատասխան տալ: Իրենք գցում են «Վեոլիա»-ի վրա, սա էլ մաքսատան», - խոշորացված համայնքի ջրային խնդիրները ներկայացրեց համայքնապետ Բորիս Բարոյանը:

ԷկոԼուրը խնդրի վերաբերյալ հարցում է ուղարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆենին` խնդրելով տեղեկացնել.

1. Իրավական ո՞ր հիմքով է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն փակել Սարչապատ համայնքի երեք փողոցների ջրագիծը` թողնելով բնակիչներին առանց խմելու ջրի: 
2. Ի՞նչ պատճառով է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն մերժում բնակիչների բաժանորդ դառնալու դիմումները: 
3. Իրավական ո՞ր հիմքով է ընկերությունը պատրաստվում տուգանել համայնքի բնակիչներին: 
4. Ի՞նչ պատճառով Սարչապետ համայնքի կազմի մեջ մտնող Ձորամուտ, Պետրովկա, Նորաշեն գյուղական համայնքներում և Գոգավան բնակավայրում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չի կնքում պայմանագրեր բնակիչների հետ:
5. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չի՞ կարծում, որ խախտվել է վերոնշյալ բնակավայրերի բնակիչների բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը` մասնավորապես ջրի նկատմամբ իրավունքը:

Լուսանկարը վերցված է www.wikipedia.org կայքից:

15:29 Դեկտեմբեր 08, 2017