Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածությունը շարունակում է պահպանվել: Երկու երկրների առաջնորդները չեն դադարում մեկը մյուսի հասցեին մեղադրանքներ հնչեցնել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken պարբերականը, Էրդողանն օրերս ունեցած ելույթում Իսրայելն «ահաբեկչական պետություն» է անվանել:
Ի պատասխան Թուրքիայի նախագահի նման հայտարարության՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Էրդողանի խոսքերը որակել է որպես «հարձակում Իսրայելի դեմ»: «Սեփական երկրում քրդական գյուղերը ռմբակոծող, լրագրողներին բանտարկող, Գազզայում ահաբեկիչներին օգնող ու անմեղներին սպանող ղեկավարից բարոյականության դասեր չպետք է քաղեմ»,- ասել էր նա:
Նեթանյահուի հայտարարությունից հետո խոսել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, ով մեղադրել է Իսրայելին «միջազգային իրավունքներն անտեսելու, Պաղեստինի ժողովրդի հողերը հարյուրավոր տարիներ շարունակ օկուպացնելու» մեջ: