Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը խոստանում է լինել առաջին պատգամավորներից մեկը, ով փոփոխություններ կնախաձեռնի ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրենքում, եթե դրա կիրառման ընթացքում լինեն ընտանիք ներխուժելու դեպքեր: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում նա ընդգծեց, որ կառավարությունն օրենքի նախագծի վերջնական տարբերակում հասարակության մտահոգությունների մեծամասնությունը փարատող փոփոխություններ է կատարել՝ հույս հայտնելով, որ օրենքի կիրառման ընթացքում ընտանիք ներխուժելու դեպքեր չեն լինելու:
«Այս օրենքը կիրառողները ևս հայ մարդիկ են, որոնց համար ևս ընտանիքը բարձրագույն արժեք է: Ես հույս ունեմ, որ այս օրենքի կիրառելիությունը շատ փոքր կլինի, և այն կսահմանափակվի կանխարգելիչ ֆունկցիայով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հրայր Թովմասյանը:
Պատգամավորը հստակեցրեց, որ Հայաստանը երբեք նման օրենք չի ունեցել, դրանում ներառված մի շարք հասկացություններ նոր են, հետևաբար օրենքի կիրառելիության արդյունավետությունը պետք է շատ բարձր լինի, ինչի նկատմամբ վերահսկողությունը ևս պետք է լինի հետևողական: «Եթե դրա կիրառման ընթացքում լինեն ոչ ընդունելի դրսևորումներ, մենք մեր ողջ գործիքակազմով կարող ենք հասնել հնարավոր խնդիրների լուծմանը, որոնք կարող են առաջանալ»,- մանրամասնեց Հրայր Թովմասյանը:
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել 73, դեմ ՝ 12, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: Երկրորդ ընթերցմամբ այն կքննարկվի և ամբողջությամբ կընդունվի դեկտեմբերի 12-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում: