ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունը հայկական համայնքների կողմից հիմնականում բացական արձագանք է ստացել : Դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Այդ հայտարարությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր թեժացման առիթ կարող է հանդիսանալ: Ներկայումս իսրայելա-պաղեստինյան բանակցությունների սեղանին դրված խնդիրը շատ սուր է, և երրորդ կողմի կտրուկ միջամտությունը չի նպաստելու խնդրի խաղաղ կարգավորմանը »,- ասաց Գանտահարյանը:
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագրի կարծիքով` ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունը բավականին հավասարակշռված էր և պարունակում էր նաև որոշ ուղերձներ:
« Նալբանդյանն իր հայտարարության ենթատեքստում նկատի ուներ, որ հակամարտության կարգավորման հարցը Իսրայելի և Պաղեստինի խնդիրն է, և պետք չէ իրավիճակի սրման միտումով հայտարարություններով հանդես գալ: Իսկ Արամ Ա-ի հայտարարության հիմնական ուղերձն այն էր, որ Երուսաղեմը բաց քաղաք պետք է մնա միաստվածության երեք կրոնների համար և որևէ կողմի համար կարգավիճակ պետք է չստանա»,- նշեց Գանտահարյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ փաստաթուղթ է ստորագրել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: