«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին ժամանակներս Հայ հեղափոխական դաշնակցության վերաբերմունքը առ վարչապետ Կարեն Կարապետյան կտրուկ փոխվել է, ինչպես ասում են, դբա լավը: Այն հատկապես ցայտուն էր 2018–ի բյուջեն խորհրդարանում քննարկելիս: Պապից ավելի կաթոլիկի նման ՀՅԴ խմբակցությունը ՀՀԿ–ից ավելի ջերմեռանդ էր պաշտպանում վարչապետին ու նրա ներկայացրած ծրագիրը: Մեկը մեկին հերթ չտալով` գովաբանում էին Կ. Կարապետյանին: Իսկ ոչ վաղ անցյալում, ընդամենը ամիսներ առաջ նույնիսկ նախարարների մակարդակով «դժվարանում էին» բարևել վարչապետին:
«Փաստի» աղբյուրի վկայությամբ, պատճառն այն է, որ դաշնակցությունը գրեթե համոզվել է, որ Սերժ Սարգսյանը մտադրություն չունի 2018 թվականի ապրիլից հետո կոնկրետ վարչապետի աթոռին նստելու: Բայց չէ, ՀՅԴ–ն չի քծնում, երբեք չի քծնում: Խնդիրն այն է, որ կուսակցության վերնախավում մտածում են. եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, պառլամենտում ՀՅԴ–ից ավելի հզոր կուսակցությունը ամենայն հավանականությամբ կոալիցիա կկազմի ՀՀԿ–ի հետ, ու ՀՅԴ–ն կհայտնվի լուսանցքում: Իսկ Կարեն Կարապետյանի դեպքում հույս ունեն իրենք կոալիցիա կազմել իշխող կուսակցության հետ:
Բայց այս ամենը նրանք անում են խիստ զգուշությամբ ու մտավախությամբ:
Որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը, Կարապետյանի վարչապետության օրոք, նույն պառլամենտական հզոր ուժը չի գնա համաձայնության նաև վարչապետի հետ:
Չնայած չի բացառվում նաև, որ այդ ուժը երկու դեպքում էլ չհամագործակցի իշխանությունների հետ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում