Հայաստանը կարող է հպարտանալ այն զինծառայողներով, ովքեր խաղաղապահ առաքելությամբ գտնվում են Աֆղանստանում:
Հայաստանում դեկտեմբերի 13-18-ն անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների եւ նրանք ընտանիքների համար կազմակերպված ավանդական հեռուստակամրջի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Շատ կարեւոր է նրանց առաքելությունը ՆԱՏՕ-ի ուժերի կազմում, որն ուղղված է Աֆղանստանում կայունության ապահովմանը, նաեւ թույլ չտալուն, որ Աֆղանստանը վերածվի ապահով վայրի ահաբեկիչների համար: Նրանց ներդրումը շատ կարեւոր է»,-ասաց Ռիչարդ Միլսը:
Անդրադառնալով առաջիկայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի՝ Հայաստան կատարվելիք այցին՝ ԱՄՆ դեսպանը նշեց, որ դեկտեմբերի 16-17-ին ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան արդեն իսկ կլինի Հայաստանում՝ մասնակցելու դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում նախատեսվող հանդիպումներին:
«Ես նրա անունից խոսել չեմ կարող, սակայն ԱՄՆ-ն եւս ՆԱՏՕ անդամ է, եւ նա անդամ երկրների անունից եւս մեկ անգամ կհավաստի, որ մենք պատրաստ ենք ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ գործություններին մասնակցող ուժերի համար ապահովել ուսուցում, օժանդակություն, որպեսզի նրանք հաջողությամբ իրականացնեն առաքելությունը»,-եզրափակեց Ռիչարդ Միլսը: