Հաջորդ տարի ճապոնական իշխանությունները 46 միլիարդ դոլար են հատկացնելու պաշտպանության ոլորտին: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է «Nikkei» թերթը:
Թերթի տեղեկությունների համաձայն` այդ միջոցների մի զգալի մասը հատկացվելու է զենքի գնմանը` Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար:
Մասնավորապես, Տոկիոն մտադիր է ուժեղացնել հակահրթիռային պաշտպանության համակարգը:
Եթե այս առաջարկը հավանության արժանանա, ռազմական բյուջեն ռեկորդային բարձր կլինի Ճապոնիայի համար: Բացի այդ, դա կնշանակի, որ վեցերորդ տարին անընդմեջ ճապոնական իշխանությունները մեծացնում են պաշտպանական ծախսերը:
Ճապոնիայի իշխանությունները նաև միակողմանիորեն ընդլայնել են ԿԺԴՀ-ի ձեռնարկությունների և անհատների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը:
Հյուսիսային Կորեան նոյեմբերի 28-ին անցկացրել է նորագույն հրթիռի հաջող փորձարկում: Փհենյանում նրանք հայտարարել են, որ Hwasong-15- ը կարող է հարված հասցնել ԱՄՆ-ի ցանկացած վայրում ցանկացած թիրախին և այն իր մեջ կրում է մեծ և ծանր միջուկային մարտագլխիկ: