Գրականագետ Ֆելիքս Մելոյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) շենքում։
Կյանքի 77-րդ տարում վախճանվել է գրականագետ, 1977 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Ֆելիքս Մելոյանը:
Ֆելիքս Հակոբի Մելոյանը ծնվել է 1940 թ. փետրվարի 23-ին, Երևանում: 1962 թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: 1964-1968 թթ. աշխատել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում` որպես կրտսեր գիտաշխատող: 1966-1996 թթ. զբաղեցրել է ՀԳՄ «Գրական թերթ»-ի քննադատության բաժնի վարիչի, գլխավոր խմբագրի տեղակալի, «Սովետական գրականություն» (այժմ` «Նորք») ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալի, «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագրի պաշտոնները: 1996-2001թթ. եղել է ՀԳՄ վարչության քարտուղար: 2001 թվականից ՀԳՄ «Նորք» հանդեսի խմբագիրն էր:
Ֆ. Մելոյանի 2003 թվականին հրատարակված քննադատական-գրականագիտական հոդվածների «Ընթացք» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի: 2010 թվականին Ֆ. Մելոյանն արժանացել է նաև ՀՀ կառավարության և Հայաստանի գրողների միության համատեղ սահմանած Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին:
Ֆելիքս Մելոյանի` տաղանդավոր քննադատ-գրականագետի, գրական կյանքի հմուտ կազմակերպչի, սրտացավ գործընկերոջ, հայրենասեր ու շիտակ մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, հարազատների, ընթերցողների սրտերում:
Ֆ. Մելոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 18. 00-ից «Մատուռ» սգո սրահում, հասցե` Երևան, Յու.Ֆուչիկի փող., 34/27: Հեռախոսներ` /010/ 35-66-96, /091/ 35-66-96/, վերջին հրաժեշտը` ՀԳՄ շենքում, դեկտեմբերի 18-ին, ժամը 12. 00-ից: