Ազգային ժողովի ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում դեկտեմբերի 18-ին քննարկվեց պապիլոմա վիրուսի և փոխպատվաստման թեման: Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, թե ընդդիմախոսները լսեցին մասնագետներին, ինչը բավարար է՝ եզրակացության գալու, որ դրանք անհրաժեշտ են:
Նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նախ ամփոփեց պապիլոմա վիրուսի դեպքերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն և նշեց, որ 2016 թվականի տվյալներով, Հայաստանում արգանդի պարանոցի վզիկի քաղցկեղ հիվանդությամբ հաշվառված է 2999 անձ, իսկ ամեն տարի մոտ 250 անձի մոտ ախտորոշվում է նման հիվանդություն:
Գայանե Սահակյանի խոսքով՝ նախարարությունը վիրուսի դեմ պատվաստելու նախապատրաստական աշխատանքների համար դրամաշնորհ է ստացել 178 հազար ԱՄՆ դոլարի չափով: «Ծրագիրն արդեն իրականացվում է, մինչ այդ՝ բավականաին լուրջ նախապատրաստական միջոցառումներ են իրականացվել. դասընթացներ բոլոր բուժաշխատողների շրջանում, խորհրդակցություններ բոլոր բուժաշխատողների շրջանում, հանդիպում դպրոցներում՝ իրազեկման նպատակով, տպագրված ձեռնարկներ»,- նշեց Գայանե Սահակյանը:
Լևոն Ալթունյանը նշեց, որ պատվաստումն անհրաժեշտ է, կլուծի բազմաթիվ խնդիրներ, կկանխարգելի այն ծանր հիվանդությունները, որ գոյություն ունեն Հայաստանում և տանում են մարդկային կյանքեր ու մեծ ռեսուրսներ:
Նախարարը նշեց, որ տասնյակ միլիոնավոր պատվաստումներից հետո որևէ դեպք չի արձանագրվել, որ պատվաստումը տարիներ անց ազդում է հղիության վրա և վիժման վտանգ է առաջացնում: