Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության նպատակով այդ երկիր ժամանած ռուսական պատվիրակությունը կարողացել է վերականգնել մարդասպանի համակարգչից ոչնչացված տվյալները: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Դեսպանի սպանությունից հետո Թուրքիայի և Ռուսաստանի կողմից տարվող հետաքննության շրջանակում ուսումնասիրվում էր մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշի համակարգչի կոշտ սկավառակը:

 

Ռուսական պատվիրակությունը կարողացել է վերականգնել սկավառակից ջնջված նյութերը: Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ ջնջված նյութերի շարքում շատ տվյալներ կան Ֆեթուլլահ Գյուլենի, նրա ղեկավարած «Հիզմեթ» շարժման, գյուլենականների վերաբերյալ: Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, 2016 թվականի դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից: Թուրքական կողմը հայտարարել էր Ալթընթաշի՝ գյուլենականների հետ առնչություն ունենալու մասին: