ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մամուլին մեղադրում է իր անվան շուրջ սկանդալներ հրահրելու մեջ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չի ցանկանում մեկնաբանել լրագրողների որևէ հարց:
Դիտարկմանը՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Նաղդալյանը ԱԺ նախագահին պատճառաբանել է, թե սնանկ է և չի կարող վճարել հեռախոսի վարձի գոյացած պարտքը՝ շուրջ 2 մլն դրամ, պատգամավորը պատասխանեց. «Ով նման բան ասում է, դրանցից հարցրեք։ Ես նման բաներ ձեզանից եմ լսում և դրանց ընդամենը մեկ որակում ունեմ ասելու՝ հիմարություն»։
Լրագրողները Նաղդալյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ինքը բանսարկությունների շարքին է դասում նաև տեղեկությունը, որ իր վարորդը հսկայական գումարի տուգանքներ է կուտակել, որը ևս պետք է վճարվի պետական բյուջեից:
Ի պատասխան դիտարկմանը՝ Նաղդալյանը նկատեց, որ իր վարորդն ունեցել է խնդիրներ և այլեւս իր ծառայողական մեքենան չի վարում: