Հայաստանի խորհրդարանը քննարկում է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ նախագծերի փաթեթի նպատակը դատական համակարգի բեռնաթափումն է: «Մենք փորձում ենք միջոցներ ձեռնարկել անձի արդար դատական քննության իրավունքը կյանքի կոչելու ուղղությամբ: Դրա համար մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր դատական համակարգի բեռնաթափման ուղղությամբ: Այսօր Երևանում կան վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարաններ, որոնց ծանրաբեռնվածությունը տարաբնույթ է. մի վարչական շրջանում ծանրաբեռնված են քրեական գործեր քննող դատավորները, որովհետև վարույթը իրականացնող մարմինները տեղակայված են այդ վարչական շրջանում, մյուս վարչական շրջանում քաղաքացիական գործերն են շատ: Ստացվում է այնպես, որ մի դատարանի դատավոր տարեկան եռակի անգամ ավելի շատ գործեր է քննում, քան մեկ այլ դատավոր: Դրա համար մենք առաջարկում ենք Երևանում վարչական շրջանների դատարանների փոխարեն ունենալ մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացրեց Հովհաննիսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ սա նաև ձեռնտու է ֆինանսական տեսանկյունից, որովհետև արդեն կունենանք մեկ դատարանի նախագահ, այլ ոչ թե մի շարք վարչական շրջանների դատարանների նախագահներ, իսկ գործերը դատավորների միջև հավասարակշռված կբաշխվեն: Սա կհանգեցնի դատական համակարգի բեռնաթափման, ինչը իր հերթին կնպաստի գործերի արդյունավետ և ավելի արագ քննությանը: