Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործը ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 20-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործն իր մեղադրական եզրակացությամբ ուղարկել էր գործը վերահսկող դատախազին, ով հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 18-ին մերժեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության դրդապատճառի հետ կապված կարևոր հանգամանքի շուրջ քննություն կատարելու մասին տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը:
Նոյեմբերի 17-ին լրացավ Վալերի Պերմյակովի քրեական գործով քննիչի կողմից տրված ժամկետը, որի ընթացքում կողմերը պետք է ծանոթանային գործին և անհրաժեշտության դեպքում ներկայացանեյին միջնորդություններ: Միջնորդություններ չներկայացնելու պարագայում' քրեական գործը իր մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկվեր գործը վերահսկող դատախազին:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հոկտեմբերի 16-ին նոր մեղադրանք էր առաջադրվել Վ.Պերմյակովին։
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։