Կառավարության որոշմամբ «Մուլտի սոլար» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը գործադիրի նիստում նշեց, որ ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արևային վահանակների արտադրության և արևային համակարգերի տեղադրման համար:

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 967 մլն դրամի ներդրում և ստեղծել 49 նոր աշխատատեղ ծրագրի իրականացման առաջին տարում՝ աստիճանաբար հասցնելով 97-ի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ արևային վահանակների արտադրությունը կազմակերպվելու է Աբովյանում: