Պակիստանի ոստիկանությունը 10-ամյա հարսնացուին փրկել է 50-ամյա Ջիթմալ Մեգարի հետ ամուսնությունից, ով աղջկա ծնողներին վճարել էր մոտ 7000 դոլար։ Գործարքի մասնակիցները ձերբակալվել են ամուսնական պայմանագրի ստորագրման ժամանակ։
Դեպքը տեղի է ունեցել պակիստանյան Սինդ նահանգի Կիրպի գյուղում։ Իրավապահները ներթափանցել են տուն պայմանագրի ստորագրման պահին և ձերբակալել «հանդիսության» 11 մասնակցի։ 50-ամյա փեսացուին
հաջողվել է թաքնվել, ներկա պահին նրան փնտրում է ոստիկանությունը։
Աղջկա մայրը՝ Մասմաթ Նաբիատը, բացատրել է ոստիկաններին, որ ստիպված է եղել համաձայնել այդ ամուսնությանը՝ ամուսնու վիրահատության համար վարկը մարելու անհրաժեշտության պատճառով։
Կազի Հաջի Սոլանգին, ով օգնել է ամուսնության կնքմանը, ոստիկաններին ասել է, որ չի իմացել աղջկա տարիքի մասին։ Բոլոր ձերբակալվածներին ուղարկել են բանտ մինչ բոլոր հանգամանքների պարզաբանումը։ Ըստ օրենքի՝ բոլոր մեղավորներին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում։