Քանի դեռ երկիրը ներդրումների առումով բաց է և հնարավորություն է տալիս շատ միջոցներ ներգրավել, դրանք պետք է իրականացվեն օրենքների պահանջներին համապատասխան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանի ներդրողների ակումբի անդամ, հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի անունը կապվում է օրենքով գողերի հետ:
«Եթե դուք ինձ հարցնում եք որպես տնտեսագետի՝ ինձ համար չափազանց կարևոր է ներդրումների հոսքը Հայաստան: Եթե ինձ հարցնում եք որպես իրավաբանի՝ չափազանց կարևոր է այդ ներդրումների ծագումը, որպեսզի հետագայում խնդիր չառաջացնի, եթե դուք ինձ հարցնում եք որպես Կառավարության անդամի, ապա ես հստակ մի բան կարող եմ ասել՝ քանի դեռ երկիրը ներդրումների առումով բաց է և հնարավորություն է տալիս ներգրավել շատ միջոցներ՝ այդ բոլորը պետք է իրականացվեն օրենքի պահանջներին համապատասխան: Հայաստանը միացել է փողերի լվացման և ապօրինի շրջանառության դեմ միջազգային կոնվենցիաներին, թույլ տվեք իրավասու մարմինները քննեն, բայց որպես Կառավարության անդամ՝ ես կոչ եմ անում բոլորին՝ ներդրումներ իրականացնել երկրի ներսում»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ներդրումները պետք է լինեն առաջին հերթին բնապահպանության ոլորտում, որովհետև ցանկացած երկիր, որն ունեցել է զարգացման լուրջ առաջընթաց, առաջին հերթին ունեցել է բարելավված շրջակա միջավայր:
Արծվիկ Մինասյանը հորդորեց սպասել և ժամանակից առաջ գնահատական և մարդկանց որակումներ չանել:
Տեսանյութը՝ 1in.am-ի