Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են Արցախի Հանրապետության իշխանությունները:
Հայկական ավանդության մեջ նուռը` որպես ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:
Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն իմաստով, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված մեկ Եկեղեցու մեջ: