Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը գալիք 2018 թվականը հայտարարել է Ադրբեջանին պատժելու տարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ակնարկելով նաև, որ Ադրբեջանի կողմից իր դեմ անարդար կերպով դատական գործ հարուցելու ու դատապարտելու գործով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Հայ ընկերներս հրեական անեկդոտը ժամանակակից տեսքի են բերել. «Լապշինը սիրում էր Ադրբեջանը և նրա ու իշխանությունների միջև միակ տարաձայնությունը գյուղատնտեսության հարցում էր: Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը: Բանն այն է, որ նրանք ցանկանում էին, որ Լապշինը պառկի իրենց հողում, իսկ Լապշինը ցանկանում էր, որ հենց նրանք այդտեղ պառկեն»: Սակայն ես իմ հայ ընկերներին ուղղեցի՝ ասելով, որ ինձ համար բավական կլինի Ստրասբուրգի դատարանի միջոցով գումար ստանալ Ադրբեջանից, իսկ հողը նրանք իրենք իրենց արդեն դրել են:
2018 թվականը հռչակում եմ Ադրբեջանին պատժելու տարի»,- նշել է Լապշինը:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ' պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին: