Բելառուսը առաջադեմ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին 2018-2022 թվականներին։ Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական բյուրոն՝ փաստաթղթերին հղումով։
Հայաստանն այժմ գտնվում է դեպի Արևմուտք պատմական շրջադարձի եզրին՝ պաշտպանության համար դիմելով Եվրոպային և ՆԱՏՕ-ին տասնամյակներ անց, երբ նախկին խորհրդային հանրապետությունը ապավինում էր Մոսկվային, նշում է թերթը։
Ադրբեջանին զենք մատակարարելու Բելառուսի որոշումը Բաքվին առավելություն է տվել Հայաստանի հետ պատերազմում, և Երևանը դա կդիտի՝ որպես դառը դավաճանություն, կարծում է Politico-ի սյունակագիրը։
Ըստ թերթի՝ խոսքը հին հրետանային զինատեսակների արդիականացման և էլեկտրոնային պատերազմի համար օգտագործվող նոր սարքավորումների ու անօդաչու թռչող սարքերի համակարգերի մատակարարման մասին է։
Politico-ի ձեռք բերած փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ձեռնարկություններին՝ Ադրբեջանին ժամանակակից հրետանային սարքավորումների պատվերների մասին, ինչպես նաև երկու երկրների միջև նամակագրություն՝ Groza-S հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման համակարգման վերաբերյալ։