Բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը, որն զբաղվում է սպառազինության հեռանկարային ռադիոէլեկտրոնային համակարգերի ստեղծմամբ եւ հակաօդային պաշտպանության միջոցների արդիականացմամբ, արդեն Ադրբեջանին է վաճառել երկու «Ստիլետ» տեսակի զենիթահրթիռային համակարգեր:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, «Տետրաէդր» ընկերության բաժնի վարիչ Իգոր Նովիկովը բելառուս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջան երկու «Ստիլետ» համակարգեր են առաքվել, իսկ այժմ կատարվում է երկու խոշոր պատվեր: Նրա խոսքով' ընկերությունը նաեւ դադարեցրել է նոր զենիթային հրթիռի մշակման գծով Կիեւի «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի հետ համագործակցությունը:

 

«Ադրբեջան առաքվել է «Ստիլետ» տեսակի զենիթահրթիռային երկու համակարգ, իսկ այժմ այդ երկրի համար ավելի խոշոր պատվեր է կատարվում», -ասել է Նովիկը' նշելով, որ իրենք պատրաստ են «Ստիլետ» համակարգեր մատակարարել նաեւ այլ երկրներ:

 

Տ38 «Ստիլետ»-ը բելառուսաուկրաինական ավտոմատացված զորային զենիթահրթիռային համակարգ է: Այն գործում է եղանակային բոլոր պայմաններում եւ նշանակված է առավելագույն չափով ցածր, ցածր եւ միջին բարձրությունների վրա ժամանակակից եւ հեռանկարային միջոցների օդային հարձակումից ցամաքային զորքերի ստորաբաժանումները, արդյունաբերական եւ ռազմական օբյեկտները պաշտպանելու համար: