Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ամփոփելով միության գործունեությունը 2017 թվականին, տարին որակեց համերգաշատ և աշխատանքային. «2017 թվականին մենք շարունակեցինք մեր փառատոնների շարքը: Այս տարի կայացավ երրորդ փառատոնը՝ նվիրված հայ երիտասարդ կոմպոզիտորների կամերային ստեղծագորություններին: Այս փառատոնին հաջորդեց պատանի կոմպոզիտորների միցույթ-փառատոնը, որի արդյունքում նոր անուններ ի հայտ եկան ինչպես Երևանից, այնպես էլ ողջ հանրապետությունից: Կայացավ նաև հայ ժամանակակից երաժշտությանը նվիրված մեր չորրորդ փառատոնը, որը բաղկացած էր 10 համերգից»:


Ըստ Արամ Սաթյանի՝ միության գործունեությունը 2017 թ.-ին շատ բուռն է եղել նաև Հայաստանի սահմաններից դուրս. «ԱՄՆ-ի մի շարք քաղաքներ՝ Պրովիդենս, Բոստոն, Նյու Յորք, ինչպես նաև Ֆրանսիա, Բուլղարիա, Չինաստան, Վրաստան. սրանք այն երկրներն են, որտեղ հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Աշխարհի տարբեր ծայրերում հայ կոմպոզիտորների գործերը կատարեցին օտարազգի երաժիշտները: Գիտե՞ք՝ լավ երաժշտության սով կա ողջ աշխարհում: Նման համերգների և փառատոնների շնորհիվ լցվում է այդ բացը, և մեր կոմպոզիտորները հնարավորություն են ունենում իրենց լավագույն գործերը ներկայացնել աշխարհում, որի հետևանքով էլ այդ կոմպոզիտորները սկսում են ճանաչում ձեռք բերել»:

Անդրադառնալով Հայաստանի սահմաններից դուրս ապրող՝ միության անդամ կոմպոզիտորներին, Արամ Սաթյանը նկատեց, որ նրանցից ոմանք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց հայրենակիցների գործերը հնչեն  Հայաստանի սահմաններից դուրս. «Միության անդամների մի մասը, ովքեր ապրում են դրսում և շատ ազգասեր են, շատ բան են անում, որպեսզի Հայաստանում ստեղծագործող միության անդամների ստեղծագործությունները հնչեն դրսում. սա շատ շնորհակալ գործ է, քանի որ այսկերպ մեր կոմպոզիտորների գործերը հանրայնացվում են, որն էլ բերում է նոր գործնական առաջարկների: Իսկ աշխարհի հետ կապը պահելու համար մենք ակտիվ համագործակցում ենք նաև տարբեր դեսպանատների հետ»:

Խոսելով արվեստին սատարող մեկենասների մասին՝ Արամ Սաթյանը նշեց. «Այդ մեկենասը չկա: Ցանկություն չկա արվեստի մեջ ներդրում անելու: Ներդրողները ցանկանում են շատ արագ ներդրած գումարը ետ վերցնել, ինչը արվեստի պարագայում հնարավոր չէ»:

Որպես բացառություն՝ Արամ Սաթյանն առանձնացրեց Դիլիջանում գտնվող Կոմպոզիտորների ստեղծագործական տան համար ներդում կատարած մարդկանց, որոնց շնորհիվ միության ստեղծագործական տունն արդեն ունի ամբողջապես վերանորոգված և եվրոպական չափանիշներին համապատասխան մի քանի քոթեջ. «Շատ լավ պայմանագիր ենք ստորագրել ներդրողների հետ և մեր այդ քայլով, փաստորեն, միության այդ կառույցը հավելյալ եկամուտներ կբերի, որը կներդրվի ի շահ միության զարգացման»,-ասաց Սաթյանը: 

Ամփոփելով զրույցը, Արամ Սաթյանը շնորհավորեց ողջ հայ ժողովրդին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ բարեմաղթանքներին զուգահեռ՝ տալով մեկ կարևոր խորհուրդ. «Գնահատե՛նք այն արվեստագետներին, ովքեր մեր կողքին են»:  

 Աղավնի Սուքիասյան