Aravot.am «Կոմպոզիտորն առաջին հերթին փիլիսոփա է, հետո' քաղաքացի: Երիտասարդները նայելով Ամիրխանյանին, ի՞նչ պետք է սովորեն»,-այսօր Կոմպոզիտորների միությունում առկա խնդիրների շուրջ նշեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:

 

Նա դժգոհում է Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից, ասելով, որ ամոթ է ստով ու շանտաժով պահել միությունը: Բանախոսը նկատեց, որ այն երեխաները, ովքեր ստանում են մրցանականներ, դրսում են, նրանք օտարացել են եւ նույնիսկ միության մասին չեն ցանկանում լսել: Միությունը միանձնյա ղեկավար չպետք է ունենա, պետք է լինի խորհուրդ, որը կղեկավարի այդ միությունը:

 

Ամիրխանյանին հետաքրքում է միայն շահը, նա ղեկավարում է 3 պաշտոն ու ոչ մի վայրում կարգին չի աշխատում: Սաթյանի խոսքով, երկիրը փոխվել է, կառուցվածքն էլ պետք է փոխվի: Այսօր միությունը չի նպաստում պետության զարգացմանը: Կա վախի մթնոլորտ, բայց ստեղծագործող մարդը միշտ ճակատը վեր պետք է պահի: Ամիրխանյանը ցինիզմով է վերաբերում միության անդամներին, մարդիկ լռում են համեստաբար. «Կոմպոզիտորների միության անդամները մեղմ են, այսօր ոչ մեկ չի հարգում կոմպոզիտորին:

 

Փչացած հեռախոսի պատմություն է ստեղծվում, թող նա էլ գա եւ միասին խոսենք, ես ասեմ մի բան, նա այլ բան եւ բաց լինենք: Այսօր Կոմպոզիտորների միությունը չգիտես թե ինչի է վերածվել, երբ մտնում ես ներս, քյաբաբի հոտ է գալիս»:

 

Հեղինակ` Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ