2018 թվականի հունվարի 1-ին Ղազախստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները հունվարի 2-ին քննարկել և ընդունել են ղազախստանյան նախագահության հիմնական առաջնահերթությունները: Նույն օրը տեղի ունեցավ նաև ԱԽ նոր ընտրված անդամների Կոտ դ՛Իվուարի, Հասարակածային Գվինեայի, Քուվեյթի, Նիդերլանդների, Պերու և Լեհաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը: Ղազախստանի նախագահության շրջանակներում նախատեսվում է կազմակերպել քննարկումներ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման թեմայով՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախագահությամբ: Նախարարական մակարդակով քննարկումներն առնչվելու են անվտանգության ոլորտում Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համագործակցությանը: Բաց քննարկումների թեման էլ Մերձավոր Արևելքում իրավիճակն է:
Ղազախստանի հիմնական առաջնահերթությունները ներկայացված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նախագահ Նազարբաևի «Անվտանգ, արդար և բարգավաճ աշխարհի կառուցման համար գլոբալ գործընկերության ամրապնդման Ղազախստանի կոնցեպտուալ տեսլականը» փաստաթղթում:
Հիմնական առաջնահերթությունները յոթն են՝ միջուկային զենքից ազատ աշխարհի կառուցում, գլոբալ պատերազմի վտանգի վերացում և տեղական հակամարտությունների կարգավորում, տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում Կենտրոնական Ասիայի շահերի առաջմղում, ահաբեկչությանը հակազդում, Աֆրիկայում խաղաղության և անվտանգության հարցեր, անվտանգության և կայուն զարգացման միջև անբեկանելի կապի ապահովում, Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի համակարգի ադապտացում 21-րդ դարի սպառնալիքներին ու մարտահրավերներին:
Համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության՝ աշխարհում խաղաղության և կայունության համար պատասխանատվությունն առաջին հերթում ընկնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների վրա: