«Ժամանակ» թերթը գրում է.
«Տարեսկզբից նոր թափ ստացած ապրանքային գնաճը Հայաստանում այն մոտ յոթ տոկոս տնտեսական աճի գինն է, որ կվճարեն քաղաքացիները 2017 թվականի համար: Չափազանցություն կլինի պնդել, որ գնաճն է միայն ապահովել այդ ցուցանիշը, բայց գնաճը, որ սկսվել է նախորդ տարվա վերջին եռամսյակում եւ շարունակվում ու նոր թափ է ստանում այժմ, դրանում անկասկած ունի մեծ դերակատարում: Եվ ոչ միայն դրանում, այլ նաեւ բյուջետային հավաքագրումների, այսպես ասած, գերակատարումներում: Նաեւ դրա շնորհիվ, նախորդ տարեվերջին արձանագրելով 3․2 տոկոս տնտեսական աճի թիրախավորում, կառավարությունը ներկայումս գլուխը բարձր հայտարարում է մոտ 7 տոկոս աճ ապահովելու իրատեսական հնարավորության մասին:
Տարվա տնտեսական ցուցանիշը դեռ չի ամփոփվել, սակայն, եթե ընդհուպ Սերժ Սարգսյանի մակարդակով է հայտարարվում, որ աճը կլինի 6 տոկոսից ավելի, ուրեմն կառավարությունը վստահ է, որ ցուցանիշը ապահովված է: Իսկ 7 տոկոսը Հայաստանի համար համարվում է այն մոգական ցուցանիշը, որ սահմանել է Սերժ Սարգսյանը դեռեւս 2013-ի վերջին: Ստացվում է, որ, եթե Կարեն Կարապետյանն ապահովում է մոգական ցուցանիշը կամ մոտենում դրան, ուրեմն երաշխավորում է իր տեղն ու դիրքը 2018-ին: Գուցե այդպես է, իսկ գուցե նաեւ տեղի ու դիրքի համար աշխատելու եւ վճռորոշ ազդեցություն ունենալու են բոլորովին այլ գործոններ, բայց, այսպես թե այնպես, թերեւս որոշակի մոլորություն է 7 տոկոսը դիտարկել իբրեւ չափորոշիչ կամ նշաձող:
Այդ տեսանկյունից հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը 2013 թվականին դնելով 7 տոկոսի նշաձողը Տիգրան Սարգսյանի համար, նույնը չարեց Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի դեպքում: Դա նույնպես վկայում է, որ 7 տոկոսը չափման միավոր չէ, այլ իրավիճակային հնարք, որ կիրառեց Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ, երբ նա սահմանում էր նշաձողը, ներքաղաքական իրավիճակը բավականին հետաքրքիր փուլում էր, տապալվում էր Եվրաասոցացման գործընթացը, ոչիշխանական բեւեռը նախագահի ընտրությունը բաց թողնելուց հետո վերանվաճում էր իր դիրքերը Րաֆֆի Հովհաննիսյանի Բարեւից եւ պատրաստվում էր գրոհի ալիքի, հատկապես այդ ալիքի համար փորձելով ապահովել Ռուսաստանի աջակցությունը: Ոչիշխանական բեւեռը դրա համար արեց ամեն ինչ, որպեսզի Սերժ Սարգսյանը կայացնի ԵՏՄ անդամակցության որոշում: Այդպիսով, Սարգսյանն այդ իրավիճակում սահմանելով 7 տոկոսի նշաձողը, հիանալի իմանալով, որ տվյալ պարագայում Տիգրան Սարգսյանի համար դա անհասանելի նշաձող է, պարզապես բացում էր իր ներքաղաքական մանեւրի եւ այսպես ասած նահանջի որոշակի ճանապարհ:
Ի վերջո, ո՞վ է տեսել, որ տնտեսական աճի նշաձող-ցուցանիշ սահմանվի տարեվերջին ավելի մոտ, երբ արդեն հստակ է, թե մոտավորապես ինչ ցուցանիշ է լինելու եւ չկա այն էապես փոխելու ժամանակային եւ ռեսուրսային հնարավորություն: Այդպիսով, Սարգսյանն ընդամենն ապահովում էր Տիգրան Սարգսյանի «զոհաբերության» հիմքը: Եթե Տիգրան Սարգսյանը ապահոված լիներ 7 տոկոս աճ, ապա Սերժ Սարգսյանը կսահմաներ 9 կամ 10 տոկոս նշաձող: Եվ հետաքրքիր է, որ սահմանելով այդ նշաձողը, նա վարչապետի հեռացման մասին որոշումը կայացնում է ոչ թե այն ժամանակ, երբ արդեն տարին ամփոփված է եւ պատկերը հստակ, այլ երբ ոչիշխանական բեւեռը հայտարարում է վարչապետի փոփոխության պահանջով շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մտադրության մասին եւ հնչեցնում մեկնարկային օրը՝ ապրիլի 30: Սերժ Սարգսյանին պարզապես պետք էր վարչապետի փոփոխության միջոցով լիցքաթափել իրավիճակը եւ ժամանակ շահել, իսկ դրա համար պետք էր, որ վարչապետը փոխվի Սերժ Սարգսյանի, այսպես ասած՝ պայմաններով, ոչ թե ոչիշխանական բեւեռի պահանջով: Ահա թե ինչու մոգոնեց 7 տոկոսի սահմանը:
Հովիկ Աբրահամյանի կառավարության համար մոգոնելու հարկ չեղավ, քանի որ իրավիճակը ստեղծեց Աբրահամյանից ազատվելու պայմաններ՝ Ապրիլյան պատերազմի եւ հետո հուլիսյան իրադարձությունների տեսքով: Կարեն Կարապետյանի պարագայում էլ Սարգսյանը չի սահմանել որեւէ նշաձող, ինչը նշանակում է, որ առայժմ Կարապետյանի հեռացում չի նախապատրաստվում եւ Սերժ Սարգսյանի պլաններում դա չկա: Կամ, Սարգսյանը դիտարկում է Աբրահամյանի հեռացման տարբերակի կիրառում, երբ իրադարձությունների զարգացումը կհասունացնի, պայմանները կբերեն դրան: Կբերեն մինչեւ ապրի՞լ, թե՞ ապրիլից ամիսներ կամ տարի անց, հարց է: Չի բացառվում, որ Սարգսյանը նշաձող է պահել այդ ժամանակահատվածների համար: Կամ էլ նա պարզապես ներկայումս չունի Կարապետյանի դեմ որեւէ պայման դնելու բավարար դիրքային ամրություն, եւ այդ իսկ պատճառով է ձեռնպահ մնում որեւէ նշաձող սահմանելուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում