«Կառավարությունն իր վարած քաղաքականությամբ չի ապահովում հասարակության հետ ակտիվ կապ, հաղորդակցում չկա հասարակության և Կառավարության միջև, որի հետևանքով էլ Կառավարությունը չի տեղեկացնում երկրի քաղաքացուն՝ այն անելիքնեի մասին, որոնք պատրաստվում է իրականացնել: Հիմա թանկացումներ են սկսել, բայց թե մի քանի ամիս անց ինչ գործընթացներ կսկվեն որևէ մեկս տեղյակ չէ»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանի որևէ Կառավարություն չգիտակցեց, որ տարվող քաղաքականության մեջ շատ կարևոր բաղադրիչ է պետք մտցնել. «Հանրության հետ ակտիվ շփում է պետք, դա ևս քաղաքականության պարտադիր բաղադրիչ է. պետք է ամեն օր հասարակությանը ներկայացնել արվածը, որպեսզի չստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացին չգիտի՝ հաջորդ ամիս ինչ է սպասվում»:
ԼՈւՐԵՐ.com-ը Թևան Պողոսյանից հետարքրվեց՝ հունվարի մեկից հետո ստեղծված իրավիճակի համար ի՞նչ հրատապ միջոցառումներ պետք է իրականացնի Կառավարությունը՝ երկրում ծավալվող բողոքի ալիքը մեղմելու համար: Պողոսյանի խոսքով՝ ընդդիմադիր հատվածը պետք է չբավարարվի միայն բողոքի ակցիաներ անելով. ամեն րոպե Կառավարության շնչին պետք է նստել. «Կառավարության ոտքը պետք է տրորել, Կառավարության շնչին պետք է նստել, որպեսզի աշխատեն, կանխարգելեն, վերահսկեն, անեն այն, ինչն իրենց գործառույթն է: Հակառակ պարագայում՝ ստացվում է այնպես, որ Կենտրոնական բանկը նորմալ աշխատում է, ապահովում է նորմալ դրամավարկային քաղաքականություն, իսկ Կառավարությունը չի կարողանում դրանք ճիշտ տեղ ուղղղել և տնտեսական քաղաքականությունը սխալ է տարվում: Կառավարությունն իր գործը չի անում և հանրության մեջ սխալ սպասումներ է ձևավորում: Կառավարությունը պետք է լիակատար փոխի նոր տնտեսկան մոդելի ձևավորման մոտեցումները»:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահի խոսքով՝ Կառավարությունը չի կարողանում Հայաստանում տնտեսական միջավայր ձևավորել, որի հետևանքով էլ մենք վերցնում ենք մեծ վարկեր, սակայն տնտեսությունը տնտեսություն չի դառնում, ենթակառուցվածքներ չեն ձևավորվում: «Հույս ունեմ, որ հանրությունն այնուամենայնիվ, կկարողանա կառավարությանը բացատրել՝ ժամանակն է հիմնավորելու քայլերը, քայլեր կատարելուց առաջ տեղեկացնել մարդկանց, քանի որ միայն Կենտրոնական բանկի աշխատանքը՝ պահպանելու ֆինանսական կայունությունը, բավարար չէ: Կառավարությունն իր հերթին պետք է նպաստի տնտեսական վիճակի բարելավմանը»,- շեշտեց փորձագետը: