Պետեկամուտների կոմիտեն հունվարի 8-ից իր պաշտոնական petekamutner.am կայքում հրապարակել է տեղեկատվություն երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մաքսային արժեքների վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավորմաքսային տեսուչ Տիգրան Մինասյանը նշեց, որ հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի որոշման նկատմամբ հետաքրքրությունը: «Նման աշխատելաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի»,-ասաց Տիգրան Մինասյանը:

 

Մասնագետի խոսքով` այս տեղեկատվությունն օգտակար կլինի այն ներմուծողների համար, ովքեր չեն կարողանա ներկայացնել օրենքով պահանջվող փաստաթղթերը, որպեսզի մեքենան գնահատվի ձեռքբերման արժեքով: «Նախկինում ներմուծողը պետք է ներկայանար ՊԵԿ համապատասխան մաքսային ձևակերպումներով զբաղվող մարմին և տեղեկանար իր կողմից ներմուծված մեքենայի մաքսային գնահատման արժեքի վերաբերյալ: Այս դեպքում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է ընձեռվում տեղեկանալ տվյալ արժեքներին, որպեսզի կարողանան ներմուծելուց առաջ ծրագրել իրենց ծախսերը»,-ասաց պաշտոնյան:

Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել petekamutner.am կայքի «Մաքսային տեղեկատվություն» բաժին, այնուհետև «Տեղեկատվություն ԱՏԳ մասնակիցների համար»-«Տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցների արժեքի վերաբերյալ»: Տիգրան Մինասյանի հավաստմամբ` ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվում է, անհրաժեշտության դեպքում այն կվերանայվի և կթարմացվի: