Հասարակությունը ցնցվեց նախորդ օրվա դժբախտ դեպքից, երբ պետավտոտեսչության երկու երիտասարդ աշխատակիցներ զոհվեցին ավտովթարի հետևանքով: Մեղավորը «Ճվճվ Արոյի» որդի Սարգիսն էր՝ «Սաքուլիկը», ով փախել էր դեպքի վայրից: Իսկ անընդհատ հասարակական կարգը և երթևեկությունը խախտող Սարգիսը «հովանավորվում» է իր միլիոնատեր պապի՝ «Տրանսգազի» 20 տարվա տնօրեն Նիկոլայ Վազգենի Գաբրիելյանի կողմից: Ի դեպ, չար լեզուների պնդմամբ՝ Նիկոլայ Գաբրիելյանը հանդիսանում է վարչապետ Կարեն Կարապետյանի վաղեմի ընկերը: Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է կարճատև արձակուրդում, երեկ անսպասելի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ և տվել է խիստ հանձնարարական, որպեսզի Ս. Վարդանյանն իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի։ Ինչո՞վ էր պայմանավորված վարչապետի նման արձագանքը: Մի կողմից՝ ակնհայտ է՝ որքան մոտենում է ապրիլը, այնքան խաղը Կարապետյանի համար բարդանում է, նա ստիպված է հանրությանը ապացուցել, որ հավակնում է վարչապետական լիազորությունների «ֆուլ» փաթեթին և չի պատրաստվում սահմանափակվել միայն տնտեսական բլոկի մենեջեր լինելով: Հասարակության հիշողության մեջ դեռ թարմ է Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանը ելույթը, որտեղ նա սահմանել էր այդ կառույցի աշխատանքի իր պատկերացումները, ցուցումներ տվել: Ահա այս ֆոնին՝ Կարեն Կարապետյանը ցանկանում է ցույց տալ, որ ուժայիններին ցուցում և հանձնարարական տալը Սարգսյանի մենաշնորհը չէ, այլ կերպ ասած՝ փորձ է կատարում մտնել նախագահի հարազատ տիրույթ:
Կարապետյանի ասոցացումը ուժայինների և անվտանգության խնդիրների հետ նույնիսկ արհեստական է ստացվում, որովհետև ոչ միայն հասարակությունը, այլ նաև քաղաքական էլիտան տեղյակ չեն, թե գործող վարչապետն ինչ բովանդակային դիրքորոշումներ ունի այս հարցերում: Չենք էլ կարծում, թե Կարեն Կարապետյանն այս հարցերում ինքնատիպ մոտեցումների կրող է ու լավագույն դեպքում կրկնելու է այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը: Այս հանգամանքը ոչ միայն համոզիչ չի դարձնում Կարեն Կարապետյանի այլընտրանքը, այլ տպավորություն է ստեղծում, որ վարչապետը հրաժարվում է տնտեսությունից՝ անուղղակի խոստովանելով այս ոլորտում իր քաղաքականության ֆիասկոն: Կարապետյանը կամ նրա խորհրդականներն իհարկե հաշվի էին առել, որ գործը լայն հասարակական հնչեղություն է ստացել և նման խիստ հանձնարարականներով կարելի է շահել նաև հանրության համակրանքը՝ կատարելով քաղաքական «բեթմենի» դերը: Մյուս կողմից, հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող՝ գազավիկներ Կարապետյանի և Գաբրիելյանի ընկերության մասին տեղեկատվությունը, վարչապետը ստիպված էր մաքրազերծել իրեն:
Սակայն այս հանձնարարականը կարող է արջի ծառայություն մատուցել վարչապետին: Նախ՝ լուրջ կասկածներ կան Կարապետյանի հանձնարարականի իրավաչափության հետ: Վարչապետի այս հանձնարարականն ակնհայտ կերպով անօրինական է, քանի որ նա չունի նման հանձնարարականեր տալու օրինական լիազորություններ: Սակայն սա միակ շանսն է Կարեն Կարապետյանի համար՝ պատասխանելու հնչող մեղադրանքներին: Մյուս կողմից՝ ակնհայտ էր վարչապետի՝ դիվիդենտներ շահելու և ինքն իրեն սրբագրելու ցանկությունը:
Ստելլա Խաչատրյան