Հայաստանում նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1.7-0.3 տոկոս գնանկում: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մասնագետների կատարած դիտարկումները հանրապետության 9 քաղաքներում: Համաձայն ուսումնասիրության` մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 0.3 տոկոսով:
2017-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գնանկում է արձանագրվել նաև ձկան և ծովամթերքի ապրանքախմբում` կազմելով 0.3 տոկոս: Մինչդեռ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ նախորդ տարեվերջին այս ապրանքախմբում արձանագրվել է 24.8 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 2.1-0.2 տոկոսով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0.7 տոկոսով), 7-ում արձանագրվել է 0.1-1.6 տոկոս գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2017 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.5 տոկոս, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.4 տոկոս, յուղերի և ճարպերի՝ 0.2 տոկոս գնանկում:
Ինչ վերաբերում է գնաճ արձանագրած ապրանքախմբերին, հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բանջարեղենի գներն աճել են 21.9-36.2 տոկոսով, մրգինը` 0.4-15.3 տոկոսով, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում` 1.5-4.3 տոկոսով, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ընդհանուր առմամբ` 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6 տոկոս գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի, համապատասխանաբար, 4.3 և 25.1 տոկոս գնաճը: