Նորք Մարաշի «Զինված խմբի» գործով այս տարվա առաջին դատական նիստն այսօր՝ հունավարի 12-ին, դեռ չմեկնարկած՝ հետաձգվեց: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  կարգադրիչները դահլիճի դուռը բացեցին 50 րոպե ուշացումով, ինչն էլ զայրացրեց ամբաստանյալներից Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանին և վերջինս լքեց դատարանի տարածքը:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը ստիպված էր հետաձգել նիստը, քանի որ ամբաստանյալ Շիրխանյանի փաստաբանը ներկա չէր դահլիճում:

 

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնակներ, պայթուցիկ նյութեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: 

Հավելենք՝ Վահան Շիրխանյանին և մյուսներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) և 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր: