Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ներբեռնման ու տարածման համար: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Գործողությունն իրականացվել է ամերիկյան «Կորած և շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոն»-ի (NCMEC) հետ համագործակցության արդյունքում: Կենտրոնը Ստամբուլի ոստիկիանությանը տեխնիկական տվյալներ է տրամադրել մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ, ինչից հետո իրավապահները պարզել են համակարգչի IP տվյալները, դրա միջոցով էլ հասցեն, որտեղ էլ ձերբակալել են ՀՀ քաղաքացուն:

 

Նրա համակարգչում հայտնաբերվել են պոռնոգրաֆիկ մեծ թվով նյութեր:

Դատախազությունը մանկական պոռնոգրաֆիկ նյութերը համացանցից ներբեռնելու, պահեստավորելու և տարածելու համար Մ. Մ.-ի դեմ մեղադրանք է առաջադրել, նա կալանավորվել է:

Հայտնի է, որ 24-ամյա ՀՀ քաղաքացին սովորում էր Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում: