Հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված գողությունից տուժած հաճախորդներն անելանելի վիճակում են: Բանն այն է, որ դեպքից անցել է 15 օր, սակայն քաղաքացիներից շատերն անգամ չգիտեն՝ ինչ է եղել իրենց ոսկեղենը՝ դրանք հայտնաբերվածների՞, թե՞ կորածների մեջ են: 

Նշենք, որ կազմակերպության դրամապահոցից հափշտակվել էր մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդեր՝ կազմելով մոտ 7200 դոլար և 8.300.000 դրամ գումար: Իսկ կազմակերպությանը պատճառվել է մոտ 281.000.000 դրամի գույքային վնաս: Ավելի ուշ ձերբակալվեց մասնաճյուղի կառավարիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանը:

 

Տուժածների հոսքը դեպի կազմակերպության վանաձորյան մասնաճյուղ՝ չի դադարում: Ոմանք գնում են փոխհատուցում ստանալու, ոմանք՝ իրենց ոսկու ճակատագիրը պարզելու, ոմանք էլ հրաժարվում են առաջարկվող փոխհատուցումից՝ պահանջելով իրենց ոսկեղենը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված գողությունից տուժած Սուսաննա Զատիկյանն ասաց, որ իրեն նամակի միջոցով տեղեկացրել են, որ իր ոսկեղենը գտնվել է. «Մեզ գրությունով տեղեկացրել են, թե ում ոսկեղենն է գտնվել, իմ անունը դրանց մեջ էր: Ես նույն օրը հերթական մուծումը կատարեցի: Մեզ ոսկեղենը ցույց չտվեցին, բայց բանկի ղեկավարությունը հավաստիացրեց, որ ոսկեղենը կա: Մենք, իհարկե, 100 % համոզված չենք կարող լինել, բայց հուսանք, որ այդպես է: Վճարումը կատարելիս պահանջեցինք ոսկեղենը, որպեսզի համոզվենք՝ ամբողջը տեղում է, թե՝ ոչ, բայց ասացին, որ իրենց գրությունով են տեղեկացրել, իսկ ոսկեղենը ոստիկանությունում է, երբ բերեն՝ կարող ենք մոտենալ և տեսնել»,- ասաց բանկի հաճախորդը՝ ավելացնելով, որ այս պահին սպասողական վիճակում են:

Փաստորեն, թեև բանկը տուժած քաղաքացիներին փոխհատուցում է խոստանում, սակայն այն դժգոհություն է առաջացրել հաճախորդների մոտ, քանի որ նրանք գոհ չեն վարկային կազմակերպության առաջարկից և պատրաստ են մինչև անգամ դատարան դիմել: 

Բանկում կատարված գողությունից տուժած Դավիթ Ամիրյանն էլ հայտնեց, որ իր ոսկեղենն այդպես  էլ չի հայտնաբերվել՝ մտահոգություն հայտնելով, որ ինքը խնդրի առաջ է կանգնել և իրեն ընդհանրապես չի գոհացնում վարկային կազմակերպության փոխհատուցման առաջարկը. «Առաջարկել են 13.5-ով փոխհատուցում, բայց ես համաձայն չեմ դրա հետ: Դիմում եմ գրել, բայց ոչինչ չեն պատասխանել: Ասում են, թե պատրաստ են փոխհատուցել այնքան, որքան բանկն է գնահատել, իսկ բանկը ոսկին գրամով է գնահատել, բայց իմ ոսկեղենը զարդ է ու շատ ավելի թանկ արժե, քան իրենց առաջարկած գումարը: Եթե ոսկեղենը չեն կարող տալ, ուրեմն թող շուկայական արժեքով փոխհատուցեն»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը:

 

Սոնա Հարությունյան