Հայաստանի խորհրդարանը ճանաչեց 2014թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումներից կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 91, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Ընթերցողին ենք ներկայացնում հայտարարության ամբողջական տեքստը.

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,

Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված նպատակներին եւ սկզբունքներին,

Կարեւորելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի դրույթների կիրառմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը,

Կարեւորելով ազգային եւ կրոնական փոքրամասնությունների  իրավունքները հարգելու գործում միջազգային իրավունքով ամրագրված պետությունների պարտականությունը,

Ընդգծելով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման ուղղությամբ պայքարելու Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հանձնառությունը,

Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170 (2014) բանաձեւը, միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների բազմաթիվ հաղորդումները՝

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ՝

Ճանաչում եւ խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանությունը,

Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսեւորումները եւ ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական եւ հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական եւ պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը,

 

Հայտնում է այս կապակցությամբ իր համերաշխությունն Իրաքի ժողովրդին եւ պետությանը,

Կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց,

Կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկելու միջոցներ եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների նման խախտումները կանխելու, բացառելու եւ վերացնելու համար: