ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին ՌԴ Դաշնային Խորհրդում կբացվի «Հայաստանի գույները» ցուցահանդեսը: Այն տեղի կունենա Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեության շրջանականերում և կներկայացնի Մոսկվայի թիվ 9 գեղարվեստական դպրոցի նկարիչ-մանկավարժների Հայաստան կատարած ստեղծագործական այցի արդյունքները:
Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի անկախության տոնին, կտևի մինչև հոկտեմբերի 10-ը: Դրա բացումը կպատվեն խորհրդարանականներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ և Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները' ՌԴ Դաշնային Խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ:
Ըստ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի, խորհրդարանական և հասարակական դիվանագիտության համագործակցության դրսևորում հանդիսացող այս ձեռնարկի շնորհիվ Ռուսաստանի խորհրդարանը երկու շաբաթ շարունակ ողողված կլինի Հայաստանի գույներով: Իսկ հանձին Հայաստան այցելած և ռուսաստանյան խորհրդարանում ցուցադրվող 15 նկարիչների հայ ժողովուրդը ձեռք է բերել նոր մշակութային դեսպաններ, ում աշխատանքները շարունակաբար կներկայացվեն մոսկովյան տարբեր հարթակներում:
Սկսած 2018 թվականից, Մոսկվայի մշակույթի նախարարության և ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ ՌԴ մայրաքաղաքի թիվ 9 գեղարվեստական դպրոցի նկարիչ-մանկավարժները ստեղծագործական այց են իրականացնում Հայաստան և վրձնում նրա հիասքանչ բնությունն ու տեսարանները:
Դպրոցի տնօրեն, ՌԴ վաստակավոր նկարիչ Ռոման Փաշայանը համարում է, որ այդ այցերը հարստացնում են իրենց ստեղծագործական և մանկավարժական կյանքը, իսկ դրանց մասնակիցներից յուրաքանչյուրը միջմշակութային երկխոսության կենդանի կամուրջ է դառնում: