Վերջերս Մոսկվա կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը ԴԻԱԼՈԳ կազմակերպության հետ, որն անց է կացվել կլոր սեղանի ձևաչափով: Շատերը այդ իրադարձությունը նշանակալի են համարում հայ համայնքի համար, քանի որ այն հնարավորինս նոր մակարդակի բարձրացեց ռուսաստանյան հայրենակիցների հետ Հայաստանի համապատասխան պետական կառույցների փոխգործակցության օրակարգը: Կառուցողական ելույթները և քննարկումները, հնչեցրած գաղափարները և օբյեկտիվ մոտեցումները ձևավորեցին մի կողմից Սփյուռքի հանդեպ Հայաստանի, իսկ մյուս կողմից` Հայաստանի հանդեպ Սփյուռքի դերի հայեցակարգային տեսլականը:
Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհակարգի պայմաններում սփյուռքի դերի ռազմավարական ընկալումը շատ երկրների հնարավորություն է տալիս ուժեղացնելու իրենց պետականությունը սփյուռքի ներուժի շնորհիվ, ինչը իբրև կարևոր տնտեսական, մշակութային և ժողովրդագրական ռեսուրս դրական ազդեցություն է ունենում կենսագործունեության բոլոր ոլորտների վրա:
 
Իր ելույթում դրան է անդրադարձել ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը` հյուրին ողջունելուց և կազմակերպության գործունեության ուղղությունները ներկայացնելուց հետո: Նա մասնավորապես ասել է.
«Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը իր առաջին այցը կատարում է Ռուսաստան: Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են միասնական անվտանգային և տնտեսական ինտեգրացիոն համակարգերում: Այսօր ինտեգրացիոն մեկ միավորումում` Եվրասիական տնտեսական մությունում ապրում են ամենամեծ թվթվ հայեր` ավելի քան հինգ միլիոն, ովքեր տեղաշարժվում, տնտեսական և հումանիտար գործունեությունը իրականացնում են միասնական կանոններով:
Սփյուռքի հետ աշխատանքը ծավալուն և հարատև ընթացք է, և իր անկախության առաջին օրվանից Հայաստանը փոփոխական հաջողություններով գտնվում է այդ հարաբերությունները կատարելագործման ճանապարհին:
Բազմաթիվ անգամներ տարբեր հարթակներում հայտարարել եմ, որ հայության ներուժը հնարավոր է կազմակերպել հայկական պետականության ուժեղացման, հայկական մշակութային ժառանգության պահպանաման և երկկողմ միջպետական հարաբերությունների ծրագրերի շուրջ:
 
Շատ են քննարկումները, թե ինչպիսին է Ռուսաստանի հայ համայնքի կազմակերպվածության մակարդակը: Այստեղ գործում է համառուսաստանյան կազմակերպություն, տեղական և հայրենակցական միություններ, որոնցից յուրաքանչյուրը իր նպաստն է բերում ընդհանուր գործին` ելնելով իր նշանակությունից և հնարավորություններից:
Բայց ես կարծում եմ, որ երբ խոսք է գնում Ռուսաստանի հայերի կազմակերպվածության և նշանակության մասին, պետք է նկատի ունենալ նրա համապատասխանությունը հետևյալ չափանիշներին. հայերի դերը Ռուսաստանում քաղաքացիական խաղաղության և ազգամիջյան համերաշխության ապահովման և Ռուսաստանի առաջընթացի գործում, Հայաստանի և Ռուսաստանի միջև լրացուցիչ կապող օղակի դերակատարությունը, ավանդը Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունության պահպանման և երկրի զարգացման գործում: Ահա այս ուղղություններով երկումիլիոնանոց հայ համայնքը բավական արդյունավետ է և շատ դեպքերում օրինակելի է համարվում:
Դրանով հանդերձ, թեև 300-ից ավելի կրթօջախների գոյությանը, դրանց լիարժեք գործունեության և հայոց լեզվի պահպանման հարցերը հանդիսանում են Ռուսատանի հայ համայնքի «աքիլեսյան գարշապարը»:
Սփյուռքի կազմակերպական կառույցների կատարելագործումը, ժամանակի և արագ փոփոխությունների ազդեցության տակ դրանց որակական վերափոխումները խիստ այժմեական են: Համարում եմ, որ կազմակերպական բազմազանությունը մեր հարստությունն է, ինպես նաև Ռուսաստանի էթնոմշակութային բազմազանության մի մասն է: Իմ բանաձևը հետևյալն է. կենսունակ սփյուռքի գրավականը կազմակերպական բազմազանությունն է բավանդակային միասնության պայմաններում:
 
 
Միաժամանակ, գործող կազմակերպությունների համար պետք է գործեն որոշակի չգրված օրենքներ, բարոյական նորմեր, թե ինչ չպետք է անել միմյանց նկատմամբ: Միմյանց վիրավորելը և արհեստական հակադրությունների համակարգերի ստեղծումը անթույլատրելի են: Իբրև կազմակերպություն, որը գործող համայնքային կառույցների հետ համագործակցության դրական փորձ ունի, մենք հակադրությունների միտումները հաղթակարելու համար բովանդակային համագործակցության օրակարգ ենք առաջարկում:
 
Համարում եմ, որ հայկական պետությունը իր սթափ մոտեցմամբ կարող է նպաստել համայնքային մթնոլորտի առողջացմանը: Բազմիցս հայտարարել ենք, որ այդ գործում իր կարևոր դերակատարությունը պետք է ունենա Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը: Հայտնի է, որ վերջին տարիների ընթացքում Երևանի որոշակի պաշտոնական և քաղաքական շրջանակներ Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքներում թուլ են տվել որոշ սխալներ և մինչև վերջ չմտածված քայլեր: Դա չի բերել այդ շրջանակների և համայնքի դրական համագործակցության զարգացմանը և թողել է որոշակի բացասական հետևանքներ: Մենք ցանկանում ենք, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը հաշվի առնի կազմակերպական բնույթի բոլոր զգայուն պահերը և արդյունավետ համագործակցության համար բովանդակային փաթեթներ առաջարկի:
 
 
Գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործառույթը ողջ աշխարհում բնակվող և Հայաստանի բնակչության թիվը գերազանցող հայրենակիցների հետ համագործակցության հիմնական ուղղությունների մշակումն է: Համարում եմ, որ հասունացել է այն պահը, որ հայկական պետությունը Սփյուռքի հետ հարաբերությունները վարի ռազմավարական հենքի` Հայաստան-Սփյուռք համագործակցության հայեցակարգի պետականորեն ընդունելու հիման վրա: Նման փաստաթուղթը, ինչպես նաև Արտաքին քաղաքականության հայեցակարգը և նոր Ռազմական դոկտրինը պետք է բխեն թարմացված Ազգային անվտանգության ռազմավարությունից:
 
Գտնում եմ, որ իր 30-ամյակը հայկական պետությունը պետք է դիմավորի այս չորս իրար լրացնող հիմնարար և ժամանակակից չափանիշները բավարարող փաստաթղթերով, որոնք նոր ազդակ կտան համակարգված պետական շինարարությանը և կնախանշեն Հայաստանի և հայ ժողովրդի տեղն ու ապագան ժամանակակից աշխարհում և միջազգային հարաբերություններում»: