Եզդիական Yadza կազմակերպությունը և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններից տուժած հայտնի եզդի կին գործիչ, 2016 թվականի սեպտեմբերից ՄԱԿ-ի մարդկային թրաֆիքինգի կոմիտեի բարի կամքի դեսպան Նադյա Մուրադը ողջունել են ՀՀ Ազգային ժողովի կողմից եզդիների ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստը:

«Հայաստանի խորհրդարանի կողմից եզդիների ցեղասպանության ճանաչումը պատմական պահ է ողջ աշխարհի եզդիական համայնքի և այդ ցեղասպանության զոհերի համար: Մենք ողջունում ենք այդ կարևոր քայլը, որն արվել է մի երկրի կողմից, որը ոչ վաղ պատմության ընթացքում մեծապես տառապել է ցեղասպանության հետևանքով»,-  ասվում է Yazda-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

 

Նադյա Մուրադն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի ԱԺ որոշման առնչությամբ: «Ես շատ զգացված եմ այսօրվա որոշման առնչությամբ և կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի ժողովրդին և խորհրդարանում նրանց ներկայացուցիչներին: Ցեղասպանության ճանաչումը մեծ նշանակություն ունի ինձ և ցեղասպանության բոլոր զոհերի համար»,- ասել է նա:

Yadza-ի տնօրեն Մուրադ Իսմայիլի կարծիքով՝ եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունը մեր դարաշրջանի ամենավերջին խոշոր հանցագործություններից է: «Աշխարհը պետք է ճանաչի այս հանցագործությունը և ընդունի կատարված փաստը, ոչ միայն ճանաչի, այլև քայլեր ձեռնարկի այն կանգնեցնելու համար, ինչպես նաև ընդունի մեխանիզմներ՝ երաշխավորելու, որ ապագայում նման հանցանքներ չեն կրկնվի»,- ընդգծել է Մուրադ Իսմայիլը:

Yadza-ն և Նադյա Մուրադն իրենց խորը երախտագիտությունն են հայտնել ԱԺ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, ինչպես նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ովքեր աջակցել են նախագծի ընդունմանը:

Հայաստանի խորհրդարանը հունվարի 16-ին ճանաչեց 2014թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումներից կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 91, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: