Թուրքիայում անհանգստացած են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ« 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչող երկրների ավելացմամբ: Այս մասին հայտնում է Haberler.com-ը:
Կայքը գրում է, որ հնարավոր է, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև հայտնվի նաև Չեխիայի Հանրապետության օրակարգում: Այն անհանգստություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հնարավոր է, որ Ցեղասպանությունը ճանաչեն ևս մի քանի երկիր:
Կայքը նշում է, որ ՀՀ նախագահի հետ մամուլի ասուլիսում Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի արած «Գալիք տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100 տարին: 1915թ.-ին 1,5 մլն հայ է սպանվել» հայտարարությունը Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախանշան է:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանության մասին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»:
Հայոց ցեղասպանությունը ներկա դրությամբ ճանաչել է աշխարհի 22 երկիր: