Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ թե ազգային նպատակ է, այլ համամարդկային, քանի որ հանցագործությունները չդատապարտելը հանգեցնում է կրկնության: «Արմենպրես»-ի հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ պայքարը պետք է ընկալվի համամարդկային, իսկ միլիոնավոր զոհերի հիշատակը հարգելու լավագույն տարբերակը Հայաստանում մնալն է և երկիրը շենացնելը:

 

Հարությունյանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չպետք է դիտարկել իրավական հարթության մեջ: «Սա բացառապես քաղաքական հարց է, պատմական փաստերն էլ անհերքելի են, հետևաբար Թուրքիային անհրաժեշտ է քաղաքական կամք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը' Հարությունյանն այն որակեց քաղաքական' հավելելով, որ վարչապետը նման խոսքերն ասել է' հաշվի առնելով քաղաքական այն խայտառակ իրավիճակը, որն այսօր առկա է թուրքական իշխանության վերնախավում: «Ընտրված է պատշաճ պահը' հաշվի առնելով այն սկանդալները, որ միմյանց են հաջորդում Թուրքիայում: Սա ուղղակի քաղաքական դրդապատճառներով քայլ է, բայց, որ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, բացարձակապես չեմ կասկածում: Ժամկետների մասին չեմ կարող հստակ տվյալ հաղորդել, սակայն Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»: