Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովը ստորագրահավաք է սկսել' ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ կոնգրեսին հորդորելով 1915 թվականին տեղի ունեցածն անվանել «ցեղասպանություն» եզրույթով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Change.org-ում տեղադրված հայտարարության մեջ կազմակերպիչները Օբամային և Կոնգրեսին կոչ են արել վեր կանգնել Թուրքիայից եկող սպառնալիքներից և քաղաքական ճնշումներից' պաշտպանելով պատմական արդարությունը:
Նրանք հորդորել են միանալ Ցեղասպանությունը ճանաչած 22 պետություններին, որոնց թվում են ՆԱՏՕ-ի անդամ 11 երկրներ, Վատիկանը, ԱՄՆ 43 նահանգ և մի շարք նախկին նախագահներ, այդ թվում և Ռոնալդ Ռեյգանը, ով 1915 թվականի դեպքերը որակել է որպես «ցեղասպանություն»: «Նախագահ Օբամայի դեպքում մենք պարզապես խնդրում ենք նրան պահպանել իր խոստումը, որը տվել է որպես սենատոր և նախագահի թեկնածու»,- նշվում է ստորագրահավաքի տեքստում:
ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի ներկայացուցիչները ստորագրահավաքի կոչի տեքստում նշել են, որ ապագայում նման կոտորածների կանխարգելման լավագույն ճանապարհն անցյալը ճանաչելը և դրանից դասեր քաղելն է:
Ստորագրահավաքին մասնակցելու համար կարող եք մտնել այստեղ: