Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը, ով բազմաթիվ ուսումնասիրություններ և մենագրություններ է հեղինակել արցախյան հակամարտության և հատկապես այդ հակամարտության ռազմական կողմերի մասին, կարծում է, որ մեզանում մինչև անկախության ձեռքբերումը չկար մի առանձին, վերլուծող խավ, ով կմտածեր ռազմական չափանիշներով և կառանձնացներ կարևոր դրույթներ, որոնցով պետք է հայ ազգը առաջնորդվեր:
«Վերջին երեք տասնամյակը բերել է նոր մտքի զարգացում, բայց պետք է հիշել, որ կա նաև օտար միտք: Տիրապետող ուժերը չեն ցանկանում, որ հայերը կամ այլ փոքր պետությունները սեփական ուղեղով մտածեն: Նրանք ցանկանում են մատուցել մեզ համար իրենց լուծումները, մենք էլ, վերցնելով դրանք՝ օգտագործել՝ մտածելով, որ այդ լուծումները մեզ համար լավագույնն են: Այնինչ, մեր անվտանգության հարցերը մեզանից լավ ոչ ոք չի կարող վերլուծել: Այդ իսկ նպատակով՝ ես փորձում եմ շերտ առ շերտ, հարց առ հարց բացահայտել այն մութ մնացած հասկացությունները, մեր և՛ անցյալի, և՛ ներկայի գոյության կողմերը, որոնք կարող են օգտակար լինել պետականաշինության, բանակաշինության գործում:
Եթե խոսում ենք արցախյան հարցից՝ մի օրինակ բերեմ. մեզ հետաքրքրում է՝ ինչ է լինելու ապագան, ինչ ընթացք կունենան բանակցությունները, ինչպիսի ընթացք կունենա հակամարտությունը, եթե այն մտնի թեժ ռազմական փուլ: Շրջանառվում է երկու տեսակետ: Մի տեսակետն այն է, որ հայոց բանակը պետք է մտնի Բաքու՝ դրանով կավարտվի համակամարտությունը, մյուս տեսակետն այն է, որ հայոց բանակը դժվար թե կարողանա հաղթել Ադրբեջանին, քանի որ արդեն գնել է մեծ քանակությամբ նորագույն զենք, ունի ավելի մեծ ռեսուրսներ՝ մարդկային, տնտեսական, տարածքային, բայց այս երկու տեսակետն էլ ծայրահեղ են և արտահայտում են պատերազմական հարցերի խորքը հասկանալու բացակայությունը»,-ասում է Արմեն Այվազյանը և հավելում, որ մի բան հստակ է՝ մենք ազատագրված տարածքը պետք է պահպանենք ամեն գնով, իսկ այդ խնդիրը լուծելու համար հնարավոր է նոր բախումներ ստեղծվեն, քանի որ Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնվում ո՛չ Արցախի անկախությանը, ո՛չ միասնական պետություն լինելուն, ո՛չ էլ նույնիսկ Շուշիի կամ մյուս տարածքների հայկական մնալուն:
«Այդ իսկ պատճառով՝ նոր պատերազմները միանգամայն հնարավոր են: Այդ պատերազմներում մեր հաղթանակը պարտադիր չի, որ լինի Բաքուն գրավելը: Հաղթանակ կարող է լինել Քուռի ափին ամրանալը, խոշոր լրացուցիչ տարածքների ազատագրումը, ադրբեջանական զինուժի խոշոր ջախջախումը, ինչն էլ թույլ կտա որոշ ժամանակով երկարացնել այն հարաբերական խաղաղությունը, որը ստացել ենք շնորհիվ ազատագրված տարածքների: Այսօր, հնարավոր է, որ այդ տարածքն այլևս բավարար չէ, և պատերազմի դեպքում պետք է տեղափոխվել մեր պատմական մյուս տարածքներ»,- ասաց ռազմական պատմաբանը:
Ինչ վերաբերում է մյուս տեսակետին, թե Հայաստանն այլևս ի զօրու չէ հաղթել վերազինված ու զարգացած Ադրբեջանին, Այվազյանը հիշեցնում է ռազմական համաշխարհային պատմությունից դրվագներ, որտեղ կան բազմաթիվ օրինակներ, երբ առավել պակաս զինված ուժերը հաղթանակ են տարել ավելի լավ զինված մեծաքանակ բանակներին ու կայսրություններին:
Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանի ամբողջական հարցազրույցն առաջարկում ենք դիտել՝ անցնելով հետևյալ հղումով: