Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հունվարի 28-ը Հայկական բանակի օրն է։ ՀՀ կառավարությունը համարում է, որ Հայկական բանակը ստեղծվել է 1992 թվականին։ Վերջին առնվազն 20 տարվա ընթացքում բազմիցս եմ հրապարակայնորեն քննադատել այդ ապապատմական ու հակագիտական տեսակետը՝ ընդգծելով, որ ՀՀ Զինված Ուժերի հիմնադրումը չի կարելի նույնացնել Հայկական բանակի հազարամյակներ առաջ տեղի ունեցած հիմնադրման հետ։ Բայց ՀՀ իրարահաջորդ նախագահների ու վարչապետների հեչ պետքն էլ չէ։ Նրանք պնդաճակատորեն Հայկական բանակի տարեթիվը հաշվում են 1992-ից և ամեն տարի ցնդաբանում, թե իբր Հայկական բանակը դարձավ 10, 20, 30, այս տարի էլ կասեն՝ 31 տարեկան։ Սրանց կարճ խելքով ստացվում է, որ Արտաշես Ա-ի, Տիգրան Մեծի, Արշակ Բ-ի, Վարդան Մամիկոնյանի, Աշոտ Երկաթի, Դավիթ-բեկի ու մեր շատ ուրիշ թագավորների ու սպարապետների բանակները հայկական չէին։ Մինչդեռ, օրինակ, Ադրբեջանն իրավացիորեն համարում է, որ իր (հայատյաց ու ոճրագործ) բանակը ստեղծվել է 1918 թվականին և այդտեղից էլ հաշվում է նրա տարիքը։

Լուրջ կասկածներ են առաջանում, որ ՀՀ դրածո կառավարություններին օտար տերերը պարզապես արգելել և արգելում են ուղղել սխալը և որոշել Հայկական բանակի տարիքն ըստ պատմական իրականությունների՝ փորձելով խզել կապը հին և նոր հայկական բանակների միջև ու, դրանով իսկ, թուլացնել հայոց փառահեղ մարտական ավանդույթների բարերար ազդեցությունը մերօրյա հայ սպաների, զինվորների ու ամբողջ ժողովրդի վրա։

Այս կասկածներս ամրապնդվում են նաև նրանով, որ ՀՀ ոստիկանությունը հաշվում է իր սկզբնավորումը 1918 թվականից։ Ուրեմն, ըստ ՀՀ կառավարության, այս տարի լրանալու է հայկական ոստիկանության 105-րդ, իսկ Հայկական բանակի՝ 31-րդ տարեդարձը։ Աբսուրդ։

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 31 ՏԱՐԵԿԱՆ ՉԷ՛, ԱՅՆ ՈՒՆԻ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։

Այդ մասին է այս կարճ զրույցս»: