Թրոմբոզը արյան մակարդումն է անոթի լուսանցքում կամ սրտի խոռոչներում: Թրոմբոզի դեպքում առաջացած արյան մակարդուկը կոչվում է թրոմբ: Թրոմբոզն աշխարհում 4 մարդուց մեկի մահվան պատճառ է դառնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 19-ին աշխարհի տարբեր ծայրերից եկած մասնագետներ էին հավաքվել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում' մասնակցելու Երեւանում առաջին անգամ անցկացվող «Ամեն ինչ թրոմբոզի մասին» միջազգային գիտաժողովին:
Երևանի պետական բժշկական համալսարանի, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի և Սրտաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված համաժողովի նպատակն է նպաստել հայ բժիշկների շրջանում թրոմբոզի ախտորոշման, բուժման և կանխարգելման առավել գրագետ մոտեցումների զարգացմանը:
Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, Թրոմբոզի և հեմոստազի միջազգային միության նախկին նախագահ, Նիդերլանդների Թրոմբոզի և հեմոստազի միության նախագահ Ֆրից Ռոզենդալը համաժողովի շրջանակում անդրադարձավ երակային թրոմբոզին, համաճարակաբանական և ռիսկի գործոններին, ինչպես նաև խոսեց հորմոնների և թրոմբոզի կապի մասին: Բժիշկ-գիտնականը մասնագիտական երկար գործունեություն է ծավալել թրոմբոզի և հեմոստազի ոլորտում, 2003 թվականին արժանացել է Նիդերլանդներում ամենաբարձր գիտական պարգևին՝ «Սպինոզա» մրցանակին:
Զեկույցներով հանդես եկան Աբերդինի համալսարանի պրոռեկտոր և բժշկության դպրոցի նախկին ղեկավար Մայքլ Գրիվսը, Միլանի համալսարանի պրոֆեսոր Ֆլորա Պեյվանդին, Իտալիայի Անտիկոագուլյացիոն կլինիկաների ֆեդերացիայի նախագահ Մարկո Մոյան, ՌԴ Արյունաբանության հետազոտական կենտրոնի գիտական քարտուղար Հունան Ջուլհակյանը, այլ հեղինակավոր մասնագետներ:
Բժիշկների մեծ մասն իր գործունեության ընթացքում այս կամ այն չափով բախվում է այս խնդրին։ Թեև թրոմբոզը կանխարգելելի է, սակայն այն հաճախ ախտորոշված չլինելով հանգեցնում է այնպիսի լուրջ հետևանքների, ինչպիսիք են հաշմանդամությունը և մահը: Բրիտանացի պրոֆեսոր Մայքլ Գրիվսն իր զեկույցում ընդգծեց, որ ժառանգականությունը շատ թույլ կանխատեսող գործոն է երակային թրոմբոզի առաջացման համար: Ըստ նրա՝ թրոմբոզը կախված է բազմաթիվ գործոններից: Անդրադառնալով հղիությանը՝ որպես թրոմբոզի առաջացման ռիսկային գործոն, Մայքլ Գրիվսը նշեց, որ հղի կանայք 8-10 անգամ ավելի հակված են թրոմբոզ ձեռք բերելու: