Ադրբեջանը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, Ադրբեջանը ոտնահարել է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ։
Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել:
ՊԲ դիրքապահները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում հետեւել ստանձնած պարտավորություններին եւ խուսափել իրադրության հետագա լարման արկածախնդիր մարտավարությունից: